«Թունելից 13 կմ հեռավորության վրա». հայկական թրիլլերի սպասված պրեմիերան. հուզմունք, զոհողություններ ու մեծ սպասումներ
Երեկ «Կինոմոսկվա»-ում կայացավ գրող, բլոգեր Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի պրեմիերան։
2023 թվականին լույս տեսած գիրքը կարճ ժամանակում դարձավ բեսթսելլեր, ինչից հետո շուրջ երեք տարի ստեղծագործական թիմն աշխատել է ֆիլմի ստեղծման վրա։ Ֆիլմի ռեժիսորը Գևորգ Շարամբեյանն է։ Դերասանական կազմում ընդգրկված են Արթուր Դարբինյանը, Սոս Ջանիկեբյանը, Լիլիթ Սարգսյանը, Ավետ Զոհրաբյանը, Այկե Սարգսյանը, Դալիթա Ավանեսյանը, Արփի Մկրտչյանը, Մարինե Պետրոսյանը, Սուրեն Ղազարյանը, Էլեն Սաֆարյանը և այլք։
Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային, զրուցել ստեղծագործական թիմի և դերասանական կազմի հետ, բացահայտել ֆիլմի ստեղծման բարդ ընթացքն ու առանձնացրել երեկոյի ամենահետաքրքիր դրվագները։

«Շատ ոգևորված եմ, մի քիչ էլ հուզված ». Էլեն Սաֆարյան
«Ես ֆիլմում մարմնավորում եմ Անիի կերպարը։ Քասթինգը բավական երկար է տևել՝ տարբեր փուլերով, ու ես շատ շնորհակալ ու ուրախ էի, որ հենց Անիին պետք է մարմնավորեմ։ Հիմա շատ ոգևորված եմ, մի քիչ էլ հուզված։ Նկարահանման պրոցեսը բավական բարդ էր, ու հիմա վերջապես կտեսնենք արդյունքը։
Ընդհանրապես շատ բարդ տեսարաններ կային՝ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով, բայց ամբողջ նկարահանման ընթացքը շատ հաճելի էր։ Անհամբեր սպասում եմ, որ տեսնեմ՝ ինչ է ստացվել։
Նկարահանումները Լոռիում էին։ Մենք ամիսուկես այնտեղ ապրել ենք ընտանիքի պես՝ միասին հաղթահարելով բոլոր դժվարությունները։ Շատ տեխնիկական խնդիրներ են եղել, բայց բոլորս իրար աջակցելով անցել ենք այդ ամենի միջով։
Սպասում եմ հանդիսատեսի արձագանքներին, որովհետև կարծում եմ՝ սա Հայաստանում այս ժանրի առաջին ֆիլմերից է, ու պատասխանատվությունը շատ մեծ էր։
Գիրքը դեռ լույս տեսնելուց հետո էի կարդացել ու սիրահարվել դրան։ Երբեք մտքովս չէր անցնի, որ մի օր ինքս պետք է նկարահանվեմ ֆիլմում։ Երբ քասթինգը հայտարարվեց, շատ ցանկացա մասնակցել, որովհետև և՛ գիրքն էի սիրում, և՛ Ռուբենի հետ համագործակցելու ցանկություն ունեի։ Շատ ուրախ եմ, որ ամեն ինչ ստացվեց։ Սա իմ առաջին գեղարվեստական ֆիլմն է, ու կարելի է ասել՝ երազանքի իրականացում»։

«Գիքորից հետո տարիներ անց նորից նկարահանվելը շատ հետաքրքիր էր ինձ համար». Ալբերտ Ղուլյան
Ֆիլմում Ջիվանիի կերպարը մարմնավորող Ալբերտ Ղուլյանն, ում հանդիսատեսը ճանաչում է Գիքորի կերպարից, պատմեց, որ առաջարկը ստացել է հենց Ռուբեն Եսայանից.
«Ռուբեն Եսայանը եկավ ու ասաց՝ «Ալբերտ ջան, փորձե՞նք»։ Ինձ համար էլ էր հետաքրքիր, ասացի՝ փորձենք, բայց չեմ խոստանում՝ լավ կստացվի, թե վատ։ Այսօր արդեն կտեսնենք արդյունքը։
Տարիներ անց նորից նկարահանվելը շատ հետաքրքիր էր ինձ համար, որովհետև մինչ այդ ոչ մի հրավեր չէի ստացել։ Սա առաջին առաջարկն էր, ու շատ շնորհակալ եմ Ռուբենից, որ նորից հնարավորություն տվեց աշխատելու։ Դժվար տեսարաններ կային, բայց ամեն ինչ հաղթահարեցինք»։

«Սիրում եմ խաղալ կերպարներ, որոնք ինձ նման չեն». Ավետ Զոհրաբյան
«Հիմա միաժամանակ հուզված եմ, լարված ու շատ ոգևորված, որովհետև երկար ենք սպասել այս պրեմիերային։ Կարծում եմ՝ սա մեծ հաջողություն կունենա, ու հանդիսատեսը կսիրի ֆիլմը։ Ամենակարևորը՝ հայկական շուկայում սա նորություն է, որովհետև այս ժանրի ֆիլմեր գրեթե չեն եղել։
Ես մարմնավորում եմ Մելսի կերպարը, որն ինձ հետ ընդհանրապես կապ չունի։ Սիրում եմ խաղալ կերպարներ, որոնք ինձ նման չեն։ Դա դերասանի համար յուրահատուկ փորձ է՝ սեփական «ես»-ից կտրվել ու նոր մարդ ստեղծել։
Ամենաբարդ տեսարաններից մեկը ֆիլմի իմ վերջին տեսարանն էր։ Նկարահանվել եմ մոտ հինգ դուբլ, բայց բոլոր հինգ անգամ նույն էմոցիաներն եմ ապրել։ Դերասանի համար ամենահաճելի զգացողություններից մեկն է, երբ չես ուզում, որ տեսարանն ավարտվի։
Երբ Ռուբենը տվեց սցենարը, հենց այդ տեսարանն էր, որի համար ամենաշատն էի անհանգստանում։ Ռեժիսոր Գևորգ Շարամբեյանի հետ երկար աշխատել ենք կերպարի վրա, մտածել դերասանական խաղի մանրուքների մասին»։

«Ինձ համար մեծ փորձություն ու կարևոր փորձ էր». Վազգեն Մկրտչյան
Գլխավոր հերոսներից մեկի՝ Արամի կերպարը մարմնավորող Վազգեն Մկրտչյանի համար սա առաջին գեղարվեստական ֆիլմն է։
«Մինչ այս միայն մեկ անգամ եմ տեսախցիկի հետ աշխատել, բայց դա գեղարվեստական ֆիլմ չէր։ Ես Թատերական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանող եմ՝ Տաթևիկ Մելքոնյանի արվեստանոցից, և նաև Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան։
Իմ կերպարը բավական բարդ էր, բայց կարծում եմ՝ ցանկացած կերպար իր բարդություններն ունի։ Մենք երկար նախապատրաստական փուլ ենք անցել՝ մոտ մեկ ամիս աշխատել կերպարների վրա, շերտավորել, հասկացել նրանց ներաշխարհը։
Ռեժիսորի հետ շատ մեծ աշխատանք ենք կատարել, և արդեն նկարահանումների մեկնարկին բավական լավ ճանաչում էինք մեր կերպարներին։
Տեսախցիկի հետ աշխատելը, իհարկե, լրիվ այլ մեթոդ է պահանջում, քան բեմում խաղալը։ Դերասանը պետք է այլ հմտություններ կիրառի, և դա ինձ համար մեծ փորձություն ու կարևոր փորձ էր»։

«Երեք տարի սպասել եմ այս օրվան». Ռուբեն Եսայան
Գրքի հեղինակ Ռուբեն Եսայանը նշեց, որ դեռ գրելու սկզբից գիտեր պատմության ավարտը.
«Եթե վերջը չգիտեմ, երբեք չեմ սկսում գրել։ Ֆիլմում որոշ փոփոխություններ կան, որովհետև սցենարն է դա պահանջել, բայց հիմնական գիծը պահպանվել է։
Կերպարների ընտրությունը մոտ երկու տարի է տևել։ Եթե խոսեմ ինձ ամենամոտ կերպարների մասին, երևի Արամի նպատակասլացությունն ու կազմակերպվածությունն եմ ինձ մոտ տեսնում, իսկ Ալեքսից՝ հումորն ու թեթևությունը։
Կարծում եմ՝ այս ֆիլմը լավ օրինակ կլինի, որ Հայաստանում կարելի է ոչ միայն կոմեդիա նկարել։ Անկեղծորեն ուրախ կլինեմ, եթե տարին մի քանի թրիլլեր նկարահանվի։ Ոչ մի խանդ կամ մրցակցություն չի լինի՝ հաճույքով կնայեմ բոլորին։
Ապագայում, իհարկե, նախատեսում ենք նաև մյուս գրքերի հիման վրա ֆիլմեր նկարել, բայց նման մեծ նախագծերի համար մեծ ֆինանսներ են անհրաժեշտ։
Այս ֆիլմի համար տարբեր զոհողությունների ենք գնացել։ Մեքենաս էլ եմ վաճառել։ Երեք տարի սպասել եմ այս օրվան ու հիմա շատ տարօրինակ, բայց հաճելի էմոցիաներ եմ ապրում։ Սա ավելի հասուն տարիքի երազանք էր, ոչ թե մանկության»,- նշեց հեղինակը:
Ֆիլմի ստեղծագործական թիմը վստահ է՝ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմը կարող է նոր փուլ բացել հայկական թրիլլերի համար՝ հանդիսատեսին առաջարկելով հայկական կինոյում մինչ այժմ քիչ տեսած լարված ու մթնոլորտային պատմություն։






























Լուսանկարները՝ Աքսաննա Ոսկանյանի











